ՉԱ՞Յ, ԹԵ՞Յ, ՊԱՏԱՆՑՈՒԵ՞Մ…

թեյՇատերին թվում է, թե ՉԱՅ ձևը մեր լեզու մտել է զուտ ռուսերենից: Սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ռուսերենը, իհարկե, նպաստել է դրա տարածմանը: Բայց ընդամենն այդքանը:

ՉԱՅ ձևը, ըստ Ալիշանի (1895, 516), գործածված է դեռ 17-րդ դարի վերջի մի բժշկարանում, որ կցված է եղել Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտ»-ին: Ի՞նչ ռուսերենի մասին է խոսքը: Ավելին, այդ ձևը և նրանից կազմված որոշ բառեր ու բառակապակցություններ (չայավորել, չայաքամիչ, չայդան, չայխանա, չայնիկ, չայ գցել, չայ շինել, չայի գդալ, չայի փող) տարածված են բարբառներում, ընդ որում` ոչ միայն արևելյան (Արարատյան, Ղարաբաղի ևն, տես Աճառեան 1913, 363a; ՀայԼեզԲրբԲառ Դ, 2007, 376-377), այլև` արևմտյան: Օրինակ` այն կա Խոփայի Համշենում (Ս. Վարդանյան 2009, 312) և նույնիսկ հարավային կողմերում` Մոկսում (տես Օրբելու 1911-12 թթ. նյութերում` Орбели 2002, 306): Հմմտ. նաև, օրինակ, պարսկերենից փոխառված չայխանա ‘թեյարան’ բառը Կարնո բարբառում (Հ. Մկրտչյան 1952, 170b):

Մինչդեռ ԹԷՅ ձևը, ինչպես ընդգծում է Աճառյանը (ՀԱԲ 2, 181a), ոչ մի բարբառում չկա, այլ զուտ գրական [անկենդան - ՀՄ] ձև է: Թեև նա իր Գաւառականում (Աճառեան 1913, 363a) նշում է թէյ-ով մի երկու կազմություն, բայց դրանք անդեմ ձևեր են. նա ինքը հենց այդտեղ, որպես իրական ձևեր, գրանցում է Արարատյան ու Ղարաբաղի բարբառների չայ-ով ձևերը:

Բարբառներից ՉԱՅ-ը մտել է նաև գրական հայերեն (նկատի ունեմ ոչ թե ստանդարտ լեզուն, այլ գեղարվեստական գրականության լեզուն, հատկապես ուղղակի խոսքում) ու քանիցս համով-հոտով գործածվել, օրինակ, Թումանյանի կողմից: Հիշենք Բազազ Արտեմի չայի գդալ-ը, չայ բերեք-ը, Նեսոյի ուզած չայի փող-ը և այլն:

ՉԱՅ ձևը թեյի չինական անվանման հյուսիսային տարբերակից է եկել: Այն առկա է ոչ միայն հայերենում ու ռուսերենում, այլև մեր տարածաշրջանի այլ լեզուներում` թուրքերենում (çay), պարսկերենում (چای), քրդերենում (چا) [ընդ որում` նաև Սուլեյմանիում, տես Qazzaz, The Sharezoor Kurdish-English dictionary, 2000, 194a], հինդիում (चाय) և այլուր:

Իսկ հարավային չինարեն տարբերակը մալայերեն tēh-ի միջնորդությամբ անցել է եվրոպական լեզուներին` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, նոր հունարեն ևն (տես ՀԱԲ 2, 180-181; ԱճառԼիակ 6, 1971, 224): Ինչ-ինչ ճանապարհներով այն նաև ներմուծվել է հայերեն` ԹԷՅ/ԹԵՅ, ու դարձել գրական-ստանդարտ ձև, բայց կենդանի (բարբառային) գործածություն չի ունեցել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թեյի երկու անվանումներից հայերենում ավելի ամուր բանասիրական կարգավիճակ ու կշիռ ունի ՉԱՅ-ը: Այն վկայված է դեռևս 17-րդ դարից, կենդանի է շատ բարբառներում, գործածվում է Հայաստանի հայերի մեծ մասի խոսակցականում, ինչպես նաև գեղարվեստական գրականության մեջ, հատկապես ուղղակի խոսքում: Սերում է հյուսիսային չինարենից և մեր բարբառներ մտել է տարբեր ճանապարհներով` պարսկերենից, թուրքերենից, ռուսերենից: Իսկ ԹԵՅ-ը կա միայն ստանդարտ-գրական լեզվում և բարբառային կենդանի գործածական հենք չունի: Դրա զուգաձևերը հիմնականում եվրոպական լեզուներում կան և սերում են հյուսիսային չինարենից` մալայերենի միջնորդությամբ:

Իհարկե, եթե ուզում ենք կարգապահորեն պահպանել գրական լեզվի նորմը, ապա գրական-ստանդարտ լեզվի համար պետք է հանձնարարելի համարենք ԹԵՅ-ը: Բայց հուսով եմ հասկանալի դարձավ, որ ՉԱՅ բառի բանասիրական տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է, և որ այն անգրագետ ձև կամ զուտ ռուսական ազդեցության հետևանք համարել չի կարելի:

ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Փաստորեն` մեր կողմնորոշման Եվրոպա vs. Ռուսաստան մշտատև դիլեմայի այդ վաղ փուլում պաշտոնական հայերենը «քվեարկել է» Եվրոպայի (թեյ-ի) օգտին, թեև ժողովուրդը չայ-ի կողմնակիցն է:
հեղինակ ՝ Hrach Martirosyan

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ